«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«ԵԽԽՎ-ն Հայաստանին ժամանակ կտրամադրի»

«ԵԽԽՎ-ն Հայաստանին ժամանակ կտրամադրի»
23.01.2009 | 00:00

«ՅՈԹ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԵՐԿՐՈՒՄ ՉԵՆՔ ԱՊՐՈՒՄ»
ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանին ընդառաջ հայկական մամուլը ողողված է Հայաստանի հանդեպ հնարավոր պատժամիջոցների կանխատեսումներով։ Խնդրի շուրջ իր գնահատականներն է ներկայացնում ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ։
-Շրջանառվող վարկածներից մեկի համաձայն` ԵԽԽՎ-ն Հայաստանի պատվիրակությանը կզրկի ձայնի իրավունքից։ Հնարավո՞ր եք համարում նման զարգացումը, և ի՞նչ կարող է դա նշանակել Հայաստանի համար։
-Հայաստանի իշխանությունները շարունակաբար իրականացնում են խոստացված բարեփոխումները, սակայն, բնականաբար, կան նաև բացթողումներ։ Չեմ կարող ասել, թե մենք յոթ հրաշքների երկրում ենք ապրում ու ոչ մի խնդիր չունենք։ Իհարկե, խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում։ Այն քայլերը, որոնք մեր իշխանությունները ձեռնարկել են ու իրականացրել, ըստ իս, ԵԽԽՎ-ի համար տեսանելի են։ Որպես քաղաքական մարմին, ԵԽԽՎ-ն, կարծում եմ, հաշվի կառնի այս հանգամանքը և ժամանակ կտրամադրի Հայաստանին` բարեփոխումները բնականոն հունով շարունակելու համար։
-Ասել է` վեհաժողովից ժամանա՞կ եք ակնկալում։
-Կարծում եմ` ԵԽԽՎ-ն կգնա այդ քայլին։ Համազեկուցողներ Պրեսկոտն ու Կոլոմբիեն վերջին այցի ժամանակ հանդիպեցին երկրի բարձրաստիճան այրերի հետ (ՀՀ նախագահ, գլխավոր դատախազ, անվտանգության խորհրդի քարտուղար և ուրիշներ) ու բովանդակային քննարկումներ անցկացրին։ Անշուշտ, այցն ինքնանպատակ չէր։ ԵԽԽՎ-ն պետք է հստակ առաջարկություններ անի, որոնք նոր իրավիճակի առկայության պարագայում կնպաստեն ժողովրդավարության խորացմանը։
-ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերը բավարա՞ր են` ձայնի իրավունքից չզրկվելու և լրացուցիչ ժամանակ ստանալու համար։
-2008 թվականը Հայաստանի համար բավականին դժվար տարի էր։ ՈՒ այս կարճ ժամանակահատվածում շոշափելի, տեսանելի աշխատանքներ կատարվել են, չնայած թերացումներ էլ կան։ Այդուհանդերձ, լավատես եմ ու կարծում եմ, որ սա ոչ թե իշխանության կամ ընդդիմության, այլ մեր ողջ ժողովրդի խնդիրն է, քանի որ մենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհն ենք ընտրել։
-Երկակի ստանդարտների կիրառումը բացառո՞ւմ եք։
-Երկակի ստանդարտների մասին կխոսենք հունվարի 27-ից հետո։ Մոնիտորինգի հանձնաժողովի գնահատականը դեռ չի նշանակում, որ լիագումար նիստում այն կհաստատվի։
-Շատ քննադատություններ հնչեցին հատկապես Հայաստանի պատվիրակության անդամների լավ չաշխատելու վերաբերյալ։ Համամի՞տ եք դրանց հետ։
-Չեմ ուզում մեկնաբանել որևէ քաղաքական գործչի տեսակետն այդ հարցի առնչությամբ, պարզապես ցանկանում եմ նշել, որ հիշյալ պատվիրակությունը տարբեր քաղաքական ուժերի անդամներով համալրված մարմին է, որը հետևողական աշխատանք է ծավալում։
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ մինչ Հայաստանի հարցի քննարկումը ՀՀ նախագահը համաներում հայտարարի` կայացվելիք որոշումն առավել մեղմացնելու համար։
-Չեմ ուզում կանխատեսում անել, բայց արդեն բազմիցս ականատես եղել ենք, որ խափանման միջոցները փոխվել են։ Հիմա դատական գործընթաց է ընթանում, և դրա ավարտից հետո էլ շատ բան պարզ կլինի։ Ի վերջո, դատարանն է որոշում` որքանով է ապացուցելի ու հիմնավորված տվյալ մեղադրական եզրակացությունը, որ ներկայացվել է անձին։ Իհարկե, իդեալական չէ մեր դատական համակարգն ու ոչ միայն այս գործընթացներում, այլև ընդհանրապես, այդ ինստիտուտի առնչությամբ դժգոհությունները շատ են։ Պարզապես պետք է տարանջատել. մի բան է կառույցին գնահատական տալը, մեկ այլ բան` գործառույթի իրականացումը։
-Որպես իշխանության մաս կազմող կուսակցության անդամ, այնուամենայնիվ, համաներման անհրաժեշտություն չե՞ք տեսնում, որը լարվածությունը թուլացնելու ազդակ կարող է լինել։
-Համաներումը ՀՀ նախագահի իրավասությունների շրջանակում է։ Բայց պետք է լինի դատարանի կողմից ավարտական փուլ, վերջնական եզրակացություն, որ պարզ լինի` ինչի համար է մարդը մեղադրվում, և ինչի համար պետք է համաներում հայտարարվի։ Չունենալով այս գործընթացի վերջնական գնահատականը` համաներում չի կարող լինել։ Իսկ համաներումը և ներումը տարբեր բաներ են։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3290

Մեկնաբանություններ